հայաստանի լեռները

Լեռներին մոտ. Երանոս

Լեռներին մոտ. Երանոս

Մարդկանց զգալի մի մաս հավատում է, որ հարստությունը բաղկացած է միայն միջոցներից և նյութական իրերից, բայց, ըստ էության, հարստությունն իրականում շատ ավելի մոտ է, քան կարող ենք պատկերացնել: Արևածագեր,մայրամուտներ, երկչոտ քամի, տերևների քաղցր հնչյուններ, անձրևից հետո մատղաշի զգացողություն: Այս բոլորը եզակի պահեր են, իսկապես եզակի և անգին: 

Տարվա անելիքներիս մեջ Երանոսի լեռ բարձրանալը մուգ տառերով էր գրված ու ճանապարհներն էլ ինձ տարան այնտեղ: Երանոսի լեռնաշղթան Գեղամա լեռնավահանի լեռնաճյուղերից է: Ձգվում է Ազատ գետի ձախ ափով մինչև Արարատյան դաշտ: Լեռնաշղթայի գրեթե կենտրոնական մասում է գտնվում Երանոս լեռը, որի բարձրությունը 1823,7 մետր է: 

Վերելքը սկսելու էինք Արարատի մարզից։ Ինչ-որ պահի դուք ոչինչ չունեք, իսկ հաջորդ պահին ունեք ավելին, քան կարող եք ընդունել, լեռ բարձրանալու ընթացքում նման մի զգացողություն ունեցա, երբ ողջ ճանապարհն ուղեկցվում է գեղեցիկ տեսարաններով: Առջևում Մասիսն է, դեպի արևելք Երախի լեռներն են, դեպի արևմուտք՝ Ողջաբերդի լեռնաշղթան, ներքևում՝ Ազատի ջրամբարը:

Երանոսի գագաթից նայելով շուրջս՝ հասկացա, ձևավորված սխալ կարծիք կա, թե մարդն է մոլորակի ամենահզոր արարածը: Մենք ինքներս ենք հորինել այս առասպելը միգուցե՞ սեփական եսասիրությունը բավարարելու համար: Բնությունը շատ հզոր, շարժիչ ուժ է: Նա կարող է ներշնչանք դառնալ ցանկացած մարդու համար:

Դեպի Երանոս քայլարշավը գերազանցեց բոլոր սպասումներս,լավ խումբ ու եզակի ուղեկցորդներ, ովքեր ողջ ընթացքում զգոն ու ուշադիր էին, չէ որ նրանց ետևից գնացողները անցնում են իրենց անցած նույն ճանապարհով՝ սխալվելու հնարավորություն չունես, սակայն զուգահեռ չէին մոռանում արշավը համեմել սուր և քաղցր հումորներով, ինչը բարձր էր պահում մոտիվացված արշավախմբի տրամադրությունը:

Անկախ եղանակից, բնությունը զարմացնում է նրանց, ովքեր ունակ են տեսնել գեղեցկությունը: Միայն պետք է մի փոքր շեղվել առօրյա հոգսերից: Եվ այն ինչ կտեսնեք, կներթափանցի գիտակցություն: Բնությունը մի ամբողջ աշխարհ է, որում կան կանոններ և հրաշքներ:

Արշավի ամեն քայլի հետ փոխվող ու չձանձրացնող բնապատկերներ… Այստեղ ես հասկանում, որ բնությունը կյանքի բարձրագույն արժեքն է: Պարզապես խորը շունչ քաշեք, որովհետև հարստությունը հեռու է ֆինանսների մեջ լինելուց, սոցիալական կարգավիճակից, հեղինակությունից: Հարստությունն այն բարձրագույն, հոգևոր, գեղեցկության այն եզակի զգացողության և ընկալման մեջ է, որը նվիրում է բնությունը:

Ճանապարհորդելով Հայաստանի գեղեցիկ վայրերով՝ դուք կարող եք տեսնել մոլորակի ամենագեղատեսիլ վայրերը, իսկ ես շարունակում եմ բացահայտումներս:

Քայլարշավի համար դիմել`  Armenian Geographic

Երկարությունը՝ 18 կմ․

Հարաբերական բարձրությունը՝ 800 մ.

Դժվարություն՝ միջին

Ուղեկցորդներ՝ Մհեր Ավետիսյան, Գոռ Ղազարյան

Լուսանկարները՝ Գոռ Ղազարյանի

 

Post a Comment

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on