հայաստանի լեռները

«Եվրոպա Արցախ» հյուրանոց. Պատերազմ, փրկված պատառիկներ, նոր ուղղություններ

«Եվրոպա Արցախ» հյուրանոց. Պատերազմ, փրկված պատառիկներ, նոր ուղղություններ

Մենք այնքան հաճախ չենք հանգստանում, որքան կցանկանայինք, իսկ երբ հանգստանալու հնարավորություն ունենք, սկսում ենք ինքներս մեզ մի շարք հարցեր տալ, ո՞ւր գնալ, ի՞նչ անել և ամենակարևորը ի՞նչ հյուրանոցում մնալ: Արձակուրդի շրջանը մոտենում է, իրերը հավաքում ենք ու ճանապարհորդում դեպի Արցախ, նախկինում ներկայացրել եմ Ստեփանակերտում ինչ անել և ուր գնալ: Այժմ, ցանկանում եմ պատմել Ստեփանակերտում գտնվող «Եվրոպա Արցախ» հյուրանոցի մասին: Գեղեցիկ բովանդակություն ոչ միայն Արցախ ժամանած հյուրերի, այլև՝ արցախցիների համար: 

«Եվրոպա Արցախ»-ն այն քիչ հյուրանոցներից էր, որն իր գործունեությունը շարունակել է  44-օրյա պատերազմի ընթացքում: «Մենք պարզապես որոշել էինք, որ անկախ հանգամանքներից հյուրանոցը պետք է աշխատի…անկախ ռմբակոծություներից, պատերազմից, հոսանքի անջատումներից և պետք է աշխատի ճիշտ այնպես, ինչպես նախքան պատերազմն էր, արժանապատվության հարցն էր»,-խոստովանում է հյուրանոցի տնօրեն Սերգեյ Շահվերդյանը և շարունակում.«Հակառակ ամեն դժվարությունների, մենք հաջողեցինք, հյուրանոցը բնականոն կյանքով էր ապրում: Այն աշխատում էր լրագրողների համար, մեզ համար կարևոր էր պատերազմի օրերին ունենալ մեդիա կենտրոն…»:

44-օրյա պատերազմի օրերին հյուրանոցում հանգրվանել էին աշխարհի ամենահայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այն, լրագրողներին ոչ միայն աջակցում էր փոխադրամիջոցի հարցով, այլև օգնում ռեպորտաժների հայերեն հատվածների թարգմանությամբ:


«Պատերազմի օրերին ժամանակ առ ժամանակ այցելում էինք վայրեր, հոկտեմբեր ամսին հերթական ռմբակոծումից հետո Շուշի այցելեցինք: Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում աղոթեցինք, այնտեղ էլ նկատեցինք ամբողջությամբ վնասված սրբապատկեր: Սրբազանի թույլտվությամբ սրբապատկերի մնացորդները վերցրինք: Պատերազմի օրերին այն վերականգնելը  պատերազմի մասին չմտածելու լավագույն զբաղմունքն էր, ցավոք հնարավոր էր միայն մեկ քարորդը վերականգնել: Այն այժմ հյուրանոցում է:

Շուշիի վերջին օրերին կրկին գնացինք եկեղեցում աղոթելու: Ժամանակն էր վերադառնալ Ստեփանակերտ, ավտոմեքենայի մեջ էի և կարծես ինչ-որ ուժ ստիպում էր կրկին ետ գնալ, նույն այդ ուժը ստիպեց թեքվել ձախ, գետնին աղտոտված, պատառոտված մեկ այլ սրբապատկեր հայտնաբերեցինք: Ժամանակ չկար սրբազանի թույտվությունը ստանալ, Ստեփանակերտ բերեցինք: Քաղաքը ռմբակոծվում էր, իսկ մենք սրբապատկեր էինք մաքրում, թույլտվությունը ստացանք, ամրացրեցինք փայտին և իջեցրեցինք հյուրանոցի առաջին հարկ, որը պատերազմի օրերին  ապաստարանի էր վերածվել»- կիսվում է  հյուրանոցի տնօրենը,իսկ տևական ժամանակ լռելուց հետո ավելացնում,-«Ապաստարանում…Աղոթում էինք օրը երեք անգամ, բոլորիս համար…»:


Հասարակության հոգեբարոյական վիճակը հաշվի առնելով հյուրանոցը որոշել է իր պատերի ներսում մշակութային կյանքն ակտիվացնել, դա է պատճառը, որ թանգարանային միջազգային օրվա կապակցությամբ հանրության դատին է ներկայացրել ֆրանսահայ հայտնի նկարիչներ Ժանսեմ, Գարզու և Էդգար Շահինի ստեղծագործություններից բաղկացած  ցուցադրություն: Շատ շուտով հյուրանոցում հնարավոր կլինի մասնակցել  «Փրկված պատառիկներ» խորագրով ցուցահանդեսին, որտեղ կցուցադրվեն այն արտեֆակտերը, որոնց հաջողվել է պատերազմի ընթացքում փրել:

Նոր զբոսաշրջային երթուղիներ այցելուների համար

Այն հյուրերը, որոնք ցանկություն ունեն շրջել Արցախում, սակայն պատկերացում չունեն ուր գնալ, այս հարցում կրկին  հյուրանոցը հետաքրքիր առաջարկներ ունի: Հակոբավանք, Քոսաղբյուր, Աստղաշեն…և ոչ միյան:  Նոր զբոսաշրջային երթուղիներից մեկը սկսվում է Ստեփանակերտից, այնուհետև Բովուրխանի վանք, «Բռի եղցի» վանական համալիր, Ամարասի վանք և վերադարձ Ստեփանակերտ:  «Երթուղու վրա գտնվող շատ տեսարժան վայրեր գրեթե հայտնի չեն հասարակության համար,  քանի որ ստվերված էին  ինչ-որ  չափով այն հանրահայտ  զբոսաշրջային երթուղիներով, որոնք  տարիներ շարունակ առաջարկվում էին»,-նկատում է հյուրանոցի տնօրեն Սերգեյ Շահվերդյանը:


Հյուրանոցի ռեստորանում կարող եք ճաշակել բազմաթիվ համեղ ճաշատեսակներ, իսկ լոբբի բարում ՝ Ձեր ընկերների հետ անցկացնել հաճելի ժամանց և համտեսել զանազան խմիչքներ: Ի դեպ, հյուրանոցը կոնֆերանս սրահ էլ ունի, գործնական հանդիպումների և քննարկումների համար համապատասխան տարբերակ է։ Հաշվի առնելով հյուրանոցի հյուրերի ազգությունները, զանազան միջոցառումներ նաև նրանց համար են կազմակերպվում:

Բարի գալուստ «Եվրոպա Արցախ» հյուրանոց՝ բարեկամական և ջերմ մթնոլորտ:

 

Post a Comment

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on