levon-vardanyan-9LJ9bwCupYw-unsplash

Destinations

Գյումրի- Ինչ սպասե՞լ

Գյումրին բացառիկ մարդկանցով ու պատմությամբ հարուստ քաղաք է, եթե մեկ անգամ այստեղ գտնվեք, այն ստիպելու է միշտ ետ վերադառնալ։
Օպերայի առաջին շենք, օժիտի տուն, դռներ ու պատուհաններ, հայտնի հայկական ֆիլմերի նկարահանման վայրեր, բերդեր, թանգարաններ ու շատ այլ հետաքրքիր երևույթներ, որոնց համար արժե գալ Գյումրի։ Ինքս հաճախակի եմ լինում այս վայրում, ինչո՞ւ, որովհետև Գյումրին երբեք չի կրկնվում։

Ինչ անե՞լ

Կանգառներից առաջինը Շալե Գյումրին է։ Բացառիկ լուսանկարները, գրքերն ու իրերը միայն ու միայն պատմում են քաղաքի անցյալի մասին: Եվ ինչպես Շալեի հիմնադիրը կասեր․«Ողջ Ալեքսանդրապոլը՝ մեկ ճամպրուկի մեջ»։ Պատերը ուսումնասիրելու ընթացքում չզարմանաք, եթե տեսնեք առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովային, այո՛, նա Գյումրիում աշխատել է։ Իսկ մի պատն էլ նվիրված է «Նոր Հայաստանին» , բայց 1928 թվականի, մեկնաբանություններ չեմ անի։ Այն, որ այս վայրում լուսանկարների և կենցաղային իրերի շնորհիվ կարելի է ծանոթանալ հայկական ավանդական նիստ ու կացին դա դեռ ամբողջը չէ։ Շալեից մի քիչ հեռու կարող եք վանա կատուներ ու հայկական գամփռներ տեսնել։ Ու եթե ինձ նման կենդանամոլ եք, ապա ձեզ նաև թույլ կտան նրանց կերակրել և սիրել։ Շատ հետաքրքիր վայր է՝ մի տանիքի տակ համերաշխ ապրում են կատուներ, շներ, նապաստակներ ու Միլիոն անունով ցուլը, ով ավելի շատ հավատարիմ շան է նման։ Նրան փորձեցի կերակրել, սակայն մոտ չեկավ, մինչև տերը չկանչեց։

Գյումրին ունի հզոր մշակութային կենսագրություն, բոլորը գիտեն, որ այն եղել է արվեստների և արհեստների քաղաք։ Եթե որոշել եք մեկ օր էլ մնալ, ապա այնպես ծրագրեք, որպեսզի երեկոյան թատրոն գնաք, իսկ եթե չեք մնալու անպայման այցելեք Գյումրու Ստ․ Ալիխանյանի անվան Տիկնիկային թատրոն, որը որպես առաջին մանկական պետական թատրոն ՀՀ-ում ծնունդ է առել 1935 թվականին: Իսկ առաջին ներկայացումները եղել են «Կապիկն ու հայելին», «Հեղափոխական Տանյան»։ Բացի այն, որ ձեզ կդիմավորեն թատրոնի աշխատակիցները, նաև կդարձնեն ներկայացման մասնակից։ Տիկնիկների միջոցով սեփական բովանդակությամբ կարճամետրաժ ներկայացում ստեղծելու հնարավորություն կունենաք։ Իմ ներկայացումը բովանդակությամբ աչքի չընկավ, սակայն շատ ուրախ էր։ Այստեղ կպատմեն, թե ինչպես են բեմադրում ներկայացումներն, իսկ ամենահետաքրքրասերներին կցուցադրեն տիկնիկ պատրաստելու տեխնիկան։

«Գյումրին բացառիկ մարդկանցով ու պատմությամբ հարուստ քաղաք է, եթե մեկ անգամ այստեղ գտնվեք, այն ստիպելու է միշտ ետ վերադառնալ»։

Գյումրին ամեն ինչում է եզակի, այստեղ ամեն ինչն է վերաիմաստավորվում և ներկայացվում նորովի։ Ցավոք, այսօր բակային շատ խաղեր մոռացվել են, սակայն ոչ Գյումրիում։ Մոռացության մատնված հոլին այսօր կարելի է համարել Գյումրու այցեքարտերից մեկը։ Գյումրեցի տղաները վերադարձրեցին իրենց մանկությունը, օտարերկրացիներին էլ ՝ գույներ ու ժպիտ։ Այսօր հայական հոլին ոչ միայն Հայաստանում կարելի է հանդիպել, այլև աշխարհի տարբեր հատվածներում։

Գյումրու կենտրոնական Կումայրի-արգելոց թանգարանի տարածքում եմ, Վարպետաց փողոցի վրա՝ գրող Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի նկուղային հարկում։ Այն նախաձեռնությունը, որի մասին պատրաստվում եմ պատմել, կոչվում է «Զանան»: Տեղակայված է այս շինության նկուղային երեք սրահից կազմված տարածքում, որը թանգարանից առանձին մուտք ունի: Անվան ընտրությունը պատահական չէ: «Զանան»-ը գյումրվա ընտանիքներում փաղաքշական, քնքշության արտահայտության դիմելաձև էր։ Ընտանիքի հայրը՝ պապիկը, տան աղջկան անվան փոխարեն կոչում էր Զանան: Այստեղ կարող եք լուսանկարվել հայկական տարազով, ինչպես արեցի ես:

«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը» Հայասատանի Հանրապետության եզակի պատկերասրահներից է,որտեղ գտնվում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի գեղանկարչական,գրաֆիկական,խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածուն:
Պատկերասրահում կարող եք ծանոթանալ Ասլամազյան քույրերի օգտագործած գեղարվեստական ոճերին և տեխնիկային: Փոքրիկ խեցեգործական ափսեի վրա կարող եք սեփական փորձով ստանալ քույրերի աշխատանքներից մեկը, այնուհետև այն ձեզ հետ վերցնել, որպես հուշ:

Կարևոր է

Երևանից Գյումրի հասնելու լավագույն տարբերակը գնացքն է, 3ժ 20րոպե հետո Գյումրիում եք:

Երևան-Գյումրի

  • 07:55 ամեն օր 1000 դրամ
  • 14:25 ամեն օր 1200 դրամ
  • 18:25 ամեն օր 1000 դրամ
  • 09:15 ուրբ. շբթ. կիր. 2500 դրամ

Գյումրի-Երևան

  • 07:45 ամեն օր 1000 դրամ
  • 11:55 ամեն օր 1000 դրամ
  • 18:15 ամեն օր 1200 դրամ
  • 19:35 ուրբ. շբթ. կիր. 2500 դրամ

Հեռ. 1-84

 

Ի՞նչ պետք է իմանալ

Ավանդական խոհանոցը – Գյումրու կարևոր հատկանիշներից մեկն է նաև ավանդական խոհանոցը։ Սնվելու համար այս անգամ ընտրեցի «Հին Հայաստան» տուն-ռեստորանը, որը գտնվում է հենց հրապարակում։ Այստեղ կարելի է փորձել հայկական մի շարք հետաքրքիր, սակայն մոռացված ուտեստներ, որոնց մասին լսել եք սակայն, երբեք չեք փորձել։ Հայկական շունչն այս քաղաքում ամենուր է։

Ճարտարապետությունը – Գյումրու ճարտարապետության մասին  անսահման կարելի է խոսել։ Ճարտարապետությունն իր ոճը վերցրել է Կարսից, և բավականանին նմանատիպ շինություններ կարելի է գտնել այդ երկու քաղաքների միջև։ Գյումրու շինություններից շատերը քանդակազարդ են, ունեն աղեղնաձև կամարներով եզերվող լուսամուտներ և մուտքեր։ Շինությունները հիմնականում կառուցվել են սև և կարմիր տուֆով։

Խոսող պատերը – Ձեզ մնում է զբոսնել քաղաքի փողոցնեով, հիանալ շենքերի գեղեցկությամբ, կարդալ հետաքրքիր սրամտություններ պատերի վրա, այցելելել ամենահին վարսավիրանոցը։

«Անդադար կարելի է գրել թե ինչ կարելի է անել Գյումրիում, սակայն մնացած լավ տեղերի պատմությունները կներկայացնեմ  հաջորդ այցելություններիս միջոցով»։

Post a Comment

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on